վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Wednesday, July 19, 2017

ՈւԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԿԱՏԱՐՈ ՎԱՆՔ ԿԱՄ ԴԻԶԱՓԱՅՏԻ ՀՐԱՇՔԸ

Հասմիկ Մկրտումյան
ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի
անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի
Ստեփանակերտի մասնաճյուղի 
պատմության ուսուցչուհի
 Մեկ տարի առաջ էր, երբ ծնվեց մտահաղացումը՝ բարձրանալ Դիզափայտ: Այսօրվա պես հիշում եմ՝ բոլոր ներկաները ոգևորությամբ ընդունեցին առաջարկը, իսկ իմ խանդավառությանը սահման չկար:
 Օրերն ակնթարթի պես անցնում էին, ժամանակի անիվը հնարավոր չէր կանգնեցնել:
 Եվ ամառային մի գեղեցիկ օր որոշեցինք ի կատար ածել մեր խոստումը: Բայց երբ եկավ բաղձալի պահը, սկսեցի տատանվել, հոգուս մեջ պայքար էր՝ գնա՞լ, թե դրժել խոստումս: Վախենում էի չկարողանայի հաղթահարել վերելքի դժվարությունները և ձախողել մեր պլանները: Բայց այդ երկմտանքը շատ կարճ տևեց: Հավատն այնպես էր գոտեպնդել ինձ, որ փետուրի պես թեթև էի զգում, կարծես ոչ երկրային ուժ էր անթեղվել հոգուս մեջ:

 Հավաքվեցինք Հադրութում, որոշեցինք մի քանի ժամ հանգստանալ, հետո գիշերով ճանապարհ ընկնել, բայց ոչ մեկի աչքերին քուն չէր իջնում: Իսկ ես մտովի արդեն բարձրացել էի Դիզափայտ, սավառնում էի վաղ միջնադարում և զմայլվում մեր ապուպապերի ձեռքերով կառուցված հրաշագործ սրբավայրերով:
Ավանդությունը պատմում է, որ 330-ական թվականներին այստեղ են նահատակվել մազքթաց Սանեսան թագավորի որդիները և հարյուրավոր քրիստոնյա հայեր, որոնց դիակները դիզվել էին լեռան պես: Նրանց նահատակության վայրում IV- V դարերում կառուցվել է Կատարավանքը (Կատարո վանքը): Ավանդության համաձայն՝ Դիզափայտն ունեցել է նաև մեկ այլ անվանում՝ Զիարաթ (արաբերենից թարգմանաբար նշանակում է սրբավայր, ուխտատեղի)՝ կապված 7-րդ դարի արաբական արշավանքների հետ:
 Պարզկա եղանակներին Դիզափայտի բարձրունքից երևում է մինչև Արաքսն ընկած տարածքը՝ Արցախի դաշտավայրը, ձյունածածկ Մռովը, Քրիսը, Իրանի սահմանը և...
 Փորձում էի փակել աչքերս և տեղափոխվել եդեմական աշխարհ...
 Մութ էր, փոշու քուլաները հետևում թողնելով, մեքենաները վերելք էին հաղթահարում:
 Հեռվում արդեն շառագունել էր հորիզոնը: Մեքենաները կանգ առան աղբյուրի մոտ, որին տեղացիները տվել էին «Արջի աղբյուր» անվանումը. միգուցե դարեր առաջ արջերն էին այդ աղբյուրից ջուր խմել, չգիտեմ... Բավականին ցուրտ էր, քամին կարծես պահմտոցի էր խաղում մեզ հետ՝ փչելով մերթ դիմացից, մերթ կողքից, մերթ էլ՝ հետևից:

 Վերլեքը բավականին դժվարին էր, քայլում էինք արահետով ու փորձում հետ չնայել: Ժամանակ առ ժամանակ բարձրացնում էի հայացքս և փորձում այգաբացի շողերի մեջ նշմարել Կատարո վանքը: Մարմինս սարսռում և սիրտս անհանգիստ տրոփում էր, երբ մի պահ պատկերացնում էի, որ մեր սուրբ հայրենիքը, մեր լայնատարած դաշտերն ու մարգագետինները, մեր սիգապանծ ու խրոխտ լեռները, մեր բերդերն ու ամրոցները, մեր երփներանգ  ու բազմաբույր ծաղիկներով լեռնահովիտները, մեր վանքերն ու եկեղեցիները, մեր սրբավայրերը, որոնք ուխտատեղի են ամեն մի հայի համար, փորձում են խլել մեզանից մեր խաշնարած հարևանները:
 Դա նույն է, որ քեզնից պոկեն հոգիդ և թողնեն մարմինդ՝ անզգա ու անտարբեր: Բայց ինչպե՞ս կարելի է՝ կենդանի մարդուց խլել հոգին՝ ջերմ ու բոցավառ, մաքառելու, հաղթելու, արարելու և ազատ ապրելու տենչով լեցուն հոգին:
  Հորիզոնը շառագունել էր, արեգակի սկավառակը՝ որպես հրե գունդ լուսավորում էր մեր ճանապարհը: Կանգ առանք, անհնար էր հետ չնայել, չըմբոշխնել և չհիանալ մեր դեմ բացված տեսարաններով: Այնքան ցավ, վիշտ ու տառապանք տեսած, բայց դարերով կանգուն մնացած լեռները  հպարտորեն ու ակնապիշ մեզ էին նայում, կարծես թե փորձում էին ընդգծել հավերժության գաղտնիքը: Բառերով հնարավոր չէր արտահայտել այն զգացմունքները, որ ապրում էր մեզնից յուրաքանչյուրը: Բառերն ինքնըստինքյան ծնվում էին և դառնում մտքեր՝ աղջամուղջի պես խոժոռ ու մթագնա: Մի՞թե հնարավոր էր...


Այդ անձեռակերտ գեղեցկությունը դրախտի էր վերածվում երփներանգ ծաղիկների բուրմունքից, մեղմ հովիկի սվսվոցից, որ կարծես օրորոցային էր երգում: Բավականին հոգնել էինք, բայց վանք հասնելու ցանկությունը գերբնական ուժ էր հաղորդում մեզ: Արդեն քայլում էի ընկերներիս օգնությամբ, օդը չեր հերիքում, առաջ էի շարժվում ծանրությամբ, ոտքերս գրեթե քարշ տալով, իսկ շրթունքներս աղոթք էին շշնջում:  Եվ երբ լեռան ծերպին երևաց Կատարո վանքի մամռակալած պատը, մի անբացատրելի կարոտ իջավ հոգուս վրա: Աչքերս բացեցի վանքի դռան մոտ, թվում էր՝ գտնվում էի աշխարհի ամենաբարձր կետում. մեզնից վերև միայն լազուր երկինքն էր , իսկ ներքևում՝ չորսբոլորը ծվարել էին անծայրածիր դաշտերն ու մարգագետինները, լեռներն ու լեռնահովիտները՝ շերտընդմեջ փոփոխվող ծիածանի գույներով, հեռու հեռվում գալարվում էր Մայր Արաքսը՝ որպես կապույտ երիզ: Աշխարհի գագաթ, Աստվածների բնատեղի, ինչ դիպուկ է մեր հայրենիքին տրված գնահատականը: Հիրավի՝ միայն Աստվածները կարող էին արարել հեքիաթային այս տեսարանները: Դա կյանքիս ամենագեղեցիկ ու անկրկնելի այգաբացն էր՝ հեքիաթային ու կախարդական: Եվ ուզում էի այդ երկնահաս բարձրունքից ճչալ շիրազյան հայտնի տողերը.
 Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուզեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

 Թևեր էի ուզում սավառնելու համար...
Մոմ վառեցինք, աղոթք մրմջացինք... Ոչ մեկը չէր բարձաձայնում, բայց համոզված էի, որ բոլորը մոմ վառեցին Արցախ աշխարհի խաղաղության , սահմաանապահ զինվորի բազկի զորության ու զգոնության, ապրիլյան պատերազմի անմեղ զոհերի հոգիների լուսավորության ու փառավորման և որդեկորույս մայրերի համբերության համար: Տե՛ր Աստված, պահիր ու  պահպանիր ազգս հայոց, ազգս տառապյալ, ազգս ստեղծագործ ու արարող, հավատավոր ու հերոսական:
 Ուզում էի, որ այդ պահին իմ սանիկները լինեին ինձ մոտ՝ Դիզափայտի բարձրունքում, տեսնեին իրենց նախնիների այրամբ սրբագործված ուխտատեղին, մեզ պես զգային հայրենի հողի ուժը, զմայլվեին անձեռակերտ բնության դյութական տեսարաններով, իրենց ժառանգորդ ու տեր զգային մեր սրբավայրերի:
 Ուզում էի գոռալ այնպես ուժգին, որ ձայնս լսելի լինի աշխարհասփյուռ  հայությանը. եկե՛ք Արցախ, եկե՛ք ձեռք ձեռքի, թիկունք թիկունքի տանք ու շենացնենք մեր երկիրը, մեր ապուպապերի կերտած երկիրը: Թող ցորենի հասկերի ծփանքից խռովվի թուրքի հոգին, թող մեր դպրոցների զանգերի ղողանջներից նրանք կորցնեն քունն ու հանգիստը, թող մեր շարականները, մեր երգն ու պարը խլացնեն նրանց ականջները.
  Թող թուրքը պոռա անձորությունից,
Չքվի, հեռանա մեր սահմաններից,
Մոռանա անգամ անունն Արցախի,
Երկիրն իմ ծաղկի ու բարգավաճի...

Հասմիկ Մկրտումյան
ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի
անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի
Ստեփանակերտի մասնաճյուղի 
պատմության ուսուցչուհի
Яндекс.Метрика