վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Friday, September 16, 2016

Մանկության հուշերից

Մայրական սերը այգի է, որտեղ արևը միշտ շողում է, 
և տարվա ընթացքում միշտ գարուն է:

Լիգիա Ղազարյան

 Շատ հիշողություններ ունեմ մանկությունից, բայց կա մեկը, որն անդառնալի ազդեցություն է ունեցել իմ անձի ձևավորման վրա։ 
 Այդ դեպքը պատմել եմ իմ մտերիմներին, իսկ հիմա ուզում եմ պատմել բոլորին…

 Իմ մանկությունը լավն է եղել, ինչի համար ես պարտական եմ ճակատագրիս։
Միշտ ունեցել եմ այն, ինչ ամենաթանկն է եղել՝ տիկնիկ։ Ունեցել եմ 17 տիկնիկ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր անունը։ Սովորաբար անվան ընտրությունն ուղղակիորեն կապված էր նվիրողի հետ, քանի որ ինձ միշտ հասկանալի է, որ տիկնիկ էին նվիրում։ Մամաս կարել էր կարմիր և սպիտակ հատուկ անկողին մի քանիսի համար, մինչև քույրս մեծացավ և ի լրումն արդեն ունեցածս օժիտի, կարեց երկնագույն և սպիտակ ժանյակներով մոտ վեց անկողին։ Տիկնիկներս ապահովված էին ավելի լավ, քան մեր ընտանիքը, հավատացնում եմ…
 Ամռանը մեր ամառանոցին կից գտնվող այգու վերին խնձորենու տակ հատուկ պատրաստություն էր լինում՝ փռվում էր մեծ գորգ, որի վրա ես դասավորում էի մի ամբողջ տնտեսություն՝ տիկնիկներն իրենց անկողիններով, հագուստով, սպասքով, լվացքի մեքենայով, սառնարանով և մի շարք այլ խաղալիքներով։ Հավատացնում եմ դրանք դասավորված էին այնպես, ինչպես այսօր իմ աշխատանքային սեղանը։ Ո՛չ, ներողություն, դրանք ավելի լավ էին դասավորված։ Իմ ամբողջ օրն անցնում էր խնձորենու տակ։ Մարդկանց հետ քչախոս էի, տիկնիկների հետ՝ ընդհակառակը։ Գիշերը տիկնիկները քնում էին խնձորենու տակ՝ իրենց անկողնում, քանի որ անձրև հազվադեպ էր գալիս, բայց դե ես քնում էի տանը՝ իմ անկողնում :)

 Քրոջ սիրտը մաքրության ադամանդ է, 
անդունդ քնքշության:
Բալզակ
(մեջբերումը Հայր Գորիո վեպից)

 Հերթական ամռանը, երբ ես երևի թե չորս տարեկան էի, ամառանոցում էինք՝ ես, մամաս և երեք ինձանից տասնհինգ, տասներկու և յոթ տարի մեծ քույրերս։
Գիշերը ես արթնացա հորդառատ անձրևի ձայնից... Հենց հիմա, հավատացնում եմ, նույն ուժգնությամբ մարմինս սարսռաց և աչքերս լցվեցին…
 Չնայած նրան, որ երբեք լացկան չեմ եղել և լաց եմ լինում միայն անսահման անուժության կամ անսահման վիրավորանքի արդյունքում, այդ պահին միանգամից սկսեցի լաց լինել։ Մամաս, ում առաջին երեխան չէի, ում համար այլևս հեշտ չէր տանել փոքրի նազուտուզ, վեր թռավ։ Արթնացան նաև քույրերս բոլոր, քանի որ ես իմ գործը լավ էի անում, լացս բնական էր և սրտակեղեքիչ :) Գիտակցելով խնձորենու տակ պահված «հարստության» չափը՝ առանց լրացուցիչ քննարկումների և տարաձայնությունների, նրանցից յուրաքանչյուրը մեկական պոլիէթիլենային ծածկոցով գիշերվա կեսին ուղևորվեց դեպի խնձորենին։ Ես իհարկե մնացի տանը, քանի որ ցուրտ էր, անձրև էր, երեխան կթրջվեր…
 Առայսօր հիշում եմ ինձ՝ պատուհանի մոտ, ծնկներիս վրա նստած, արդեն առանց լաց լինելու՝ ինչպես էլ չէի տեսնում նրանց հեռանալիս… Վերադառնում էին և բերում էին ինձ համար աշխարհում առայսօր ամենաթանկը՝ իրենց, իրենց սերը և այդ պահի համար ինձ համար շատ կարևոր՝ իմ տիկնիկները…
Վերադարձան, իհարկե  թրջված, ցեխոտված և մրսած, բայց, հիշում եմ, որ ուրախ էին և ծիծաղում էին։ Ես ևս ուրախ էի, բայց ես իմ մաքսիմալիստական բնավորությանը համաձայն, հասկանում էի, որ իմ տիկնիկները ցեխոտվել են, նրանցից ոմանց մազերը ոսկեգույն չեն այլևս, չեն սանրվի այլևս երբեք, իսկ երկնագույն ու սպիտակ անկողինները…
 Բայց դե ես էլ նրանց մի մասն եմ, ուստի՝ այս մտահոգությունս չհայտնեցի և քնեցի… Առավոտյան երբ արթնացա, բոլորը վեր էին կացել և պատուհանից երևում էր կապույտ երկինք և արևի շողեր։ Սենյակում մենակ էի և լրացուցիչ տեղեկություն չունեի։ Կիսահագնված վազեցի ճաշասենյակ, որտեղ իմ կարծիքով տիկնիկներս պետք է լինեին տոպրակներում։ Ուզում էի արագ հանել և ինչ-որ լուծում գտնել առաջացած խնդիրների համար, բայց խաղալիքներս չկային։ Վազեցի դուրս…
Ցանկանում եմ, որ Աշխարհի բոլոր երեխաները ունենան այդ զգացողությունը…
Մամաս վերջին անկողիններն էր փռում պարանին, իսկ տիկնիկներս՝ մեր ընտանիքի ծածկոցների վրա, իրար կողք հարգված պառկած էին արևի տակ՝ իրենց մազերի բնական գույնով և տեսքով…
 Հ.Գ.  Ոչինչ չեմ փոխել, աստված վկա…
Լիգիա Ղազարյան
Яндекс.Метрика