վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Thursday, June 1, 2017

«Արցախիս մասին» Լիգիա Ղազարյան

  Իմ նախնիներից և ոչ ոք չի եղել Արցախից, և ես ինչ-որ հոգեկան կապվածություն երբևէ չէի ունեցել Հայաստանի այդ տարածաշրջանի նկատմամբ։ Միշտ ինչ-որ ձգողականություն զգացել եմ դեպի Արևմտյան Հայաստան, բայց դեպի Արցախ՝ ոչ․․․ Մինչև առաջին այցելությունս․․․
 Առաջին անգամ բախտ վիճակվեց (այդ արտահայտության հնարավորինս խորը իմաստով) այցելել Արցախ, երբ ես աշխատում էի ապահովագրական ընկերությունում։ Պետք է գործուղվեի Շուշի, ընդ որում՝ ես անտանելի չէի ուզում, քանի որ արդեն չորս ամիս էր, որ աշխատում էի առավոտյան 8։30-ից մինչև երեկոյան 11։00, և բավական հոգնած էի։ Եվ երբ ինձ ասացին, որ պետք է գնամ Շուշի, անելանելիության զգացողություն տիրեց, քանի որ չէի պատկերացնում, թե այդ վեց ժամվա ճանապարհն ինչպես պիտի գնամ։
Բայց բախտ էր վիճակվել, որը ես չէի գիտակցում, ինչպես չենք գիտակցում վիճակված բախտը գրեթե բոլոր դեպքերում և հնարավորինս ավիրում ենք այն․․․
 Դեկտեմբեր ամիսն էր․․․ Մենք մեքենայով ճանապարհվեցինք դեպի մի հրաշագեղ, խրոխտ, ուժեղ, վեհ, ինքնատիպ վայր, որն իր հեռու գտնվելով արդեն հասկացնում է, որ արժե հասնել իրեն։
Արցախ տանող ճանապարհն էլ պատահական չէ․․․ Ամբողջ մի ժամ և կես տեսնում ես
Արարատը, մտածում Արարատի մասին, հիանում նրանով, երջանկանում Հայ լինելով, տեսնում ես Արարատյան դաշտավայրի խաղողի երկար այգիները, հիշում մեր կոնյակի մասին, անցնում ես Հայի հոգին լցնող Պարույր Սևակի ծննդավայրի կողքով, անպայման հիշում նրա տողերից, հիշում անցած կամ ներկա սիրո մասին, մեղմ ժպտում ես կամ շռայլություն ես թույլ տալիս ինքդ քեզ ճնշած զգացողությունները մի պահ արթնացնել ճանապարհի թույլատրելի անգործության և մտախոհ հայացքը մեքենայից դուրս հառելու հնարավորության շնորհիվ։ Այնուհետև՝ անցնում ես Վայոց Ձորի աննման և գունավոր ժայռերի միջով, մտածում ես Հայիս լեռնեցու հոգեբանության մասին, մի պահ դառնում լեռնեցի և հաղթող, թիկունքդ ուղղվում է, շունչդ բացվում է և ձեռք ես բերում հաղթողի էություն, հասնում ես Արենի, հաճախ հայկական քաղցրավենիք, գինի կամ ինչ-որ մրգային օղի ես գնում։ Հետո Սյունիքն է․․․ Հայոց պատմության ընթացքում բոլոր պատերազմների, կոտորածների և կործանումների մշտական մասնակիցը, պայքարող ուժը, լուռ, աննկուն վկան, Հայաստանի ոգեշունչ զավակների ծննդավայրը և թաքստոցը։
 Ես առաջին անգամ այդ ճանապարհն անցնում էի կիսասրտխառնոցային և դժգոհ զգացողությամբ և մի լավ սոված։ Ընթացքում զգացել եմ այն ամենը, ինչ նկարագրել եմ, բայց միաժամանակ ինձ դա հիշեցնում էր Ֆրանց Կաֆկայի “Դղյակը” ստեղծագործությունը, որի ամբողջ ընթացքում մտածում ես, թե արդյոք այդ մարդու անցած ճանապարհն արժի նրա վերջին։
 Արցախ հասնելու համար ես երկու այդքան էլ կգնայի․․․
Ախր Սյունիքով չի ավարտվում ճանապարհը։ Գորիսը շրջանցող կամուրջով անցնում ես դեպի “Ստեփանակերտ” ցուցանակը, և հենց այդ պահին ինչ-որ աղոտ հույս է առկայծում, թե հասնում ես, բայց չէէէէ․ դրանից հետո սկսվում են գրեթե ժամ ու կես երկարությամբ ոլորաններ, որոնց ընթացքում շատ մեծ հավանականությամբ կիսասրտխառնոցային զգացողությունը հասնում է իր տրամաբանական ավարտին։
Այս ոլորանների ընթացքում արդեն աչքերս ավելի լայն բացվեցին, քանի որ հոգիս էր բացվել ու ավելի շատ էր ուզում ընկալել։ Ձմեռ էր, և այդ լեռները թվում էր, թե սովորական մերկ ու ձանձրալի լեռներ էին, բայց աչք կտրել չէր լինում։ Ուզում էի իջնել մեքենայից, իջնել այդ ձորերը, բարձրանալ այդ լեռները, դիպչել նրանց, զգալ նրանց, հարցնել ինչ-որ բան, և վստահ էի, որ պատասխան կստանամ մեղմ քամու, մանրիկ անձրևի կամ խրոխտ ամպրոպի տեսքով։ Այդ լեռները տեսել էին այն, ինչ հնարավոր չէր, տարել էին այնպիսի մարդկանց, ովքեր գերբնական ուժ ունեին, սատարել էին հերոսներին, այնպես, ինչպես կարողացել էին, նրանց մեջ էր այդ հերոսների արյունը և ուժը։ Դրանով էլ նրանք իմաստուն էին և զորեղ։ Այդ լեռները վկան են ոգու հզորության, նրանք վստահ են, որ զենքն ու մարդկանց քանակը ոչինչ է, եթե մարդկանց մի խումբ գիտի, թե ինչ է ուզում և վստահ է, որ իր ուզածը ճիշտ է ու բարոյական։
 Հոգիս տակնուվրա էր լինում, քանի որ նոր էի գիտակցում, թե ինչ ասել է “Արցախ”։
Այն իմ մի մասն էր դարձել այլևս և չէր լքելու իմ էությունը երբեք։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը գնում է Արցախ, զգում եմ այդ անկառավարելի մղումը գնալ նորից, գնալ մեկ անգամ ևս, տեսնել ու զգալ այն․․․
 Հասանք Շուշի անտանելի սոված (ես այդքան սոված կյանքումս չեմ եղել)․․․ Կիսավեր, բայց գեղեցիկ եվրոպական ոճ հիշեցնող շենքերով, երեկոյան մութ, բայց ներքին լույսով լեցուն, նուրբ և խաղաղ մի քաղաք է Շուշին։ Սիրել եմ շատ, սիրում եմ այսօր էլ, կսիրեմ միշտ։
 Շուշիում ես պետք է մնայի մեր բանկի հանգստյան տանը, հասել էինք ուշ երեկոյան, և ես չէի պատկերացնում, թե որտեղ պետք է հաց ուտեի, քանի որ մութ էր և ինձ համար անծանոթ։ Մտածում էի, թե տանից ինչու բան չեմ վերցրել։ Ինձ տեղավորեցին մեր հաճելի սենյակներից մեկում, և ես դեռ չէի հասցրել իրերս գետնին դնել, երբ սենյակի դուռը թակեց մեր բանկի խոհարար Գայանեն, ով լայն ժպտացող դեմքով ասաց, որ իրենք ինձ սպասում էին և ներքևում ինձ համար հաց են դնում․․․ Ես, կուտակային հոգնած, սոված, մի քիչ խեղճացած, մի քիչ մտախոհ, շաաաատ ոգեշնչված, զգացի, որ կոկորդս խեղդում է ինչ-որ վեհության, երախտիքի, կատարելության, հուզմունքի, մի փոքր էլ անսպասելիության զգացողությունների համախումբ։
 Ես չգիտեի, որ Արցախում ինձ սպասում են և որ Արցախում սոված մնալն էլ հեշտ գործ չի․․․Կյանքումս այդքան համեղ խաշլամա չեմ կերել․․․ Խաշլամա չեմ էլ սիրում, ճիշտն ասած․․․ Դրանից հետո գնացել եմ արդեն առանց վարանելու, ֆիզիկապես ճանապարհին վատ զգալով, սակայն հոգեկան ուժգին մղումով․․․
Արցախում մեզ սպասում են, Արցախը մեր հայրենասիրության վերածննդի վայրն է, Արցախը մեր հաղթանակի միակ վկան է, Արցախը մենք ենք, Արցախի լռության մեջ անսահման խորհուրդ կա, որն ամեն Հայ պիտի զգա․․․
 Գնացե՛ք և չե՛ք զղջա, մի քիչ կտխրեք, բայց տխրելն է մարդուն Մարդ դարձնում․․․ Մի վախեցեք մի փոքր տխրելուց, քանի որ Արցախից այնպիսի հզոր զգացողությամբ կվերադառնաք, որ կբավականացնի մի տարի մոտիվացված ապրելու և աշխատելու համար․․․
Գնացե՛ք Արցախ․․․ Այնտեղ մեզ սպասում են․․․


Կարդալ նաև: Ամեն վայրկյան մենք պոտենցիալ զինվոր ենք
«Նախնիների գենը»

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика