վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Friday, March 3, 2017

«Նախնիների գենը» - Լիգիա Ղազարյան

 Իմ հոր ծնողները գաղթել են Արևմտյան Հայաստանից՝ ավելի կոնկրետ Սասունից։ Իմ ընկերները և մտերիմները գիտեն, որ ես երբեմն գլուխ եմ գովում, թե ես սասունցի եմ։ Լսողները կմտածեն, թե քեզանից ինչ սասունցի, եթե նորմալ հայկական քոչարի էլ պարել չգիտես, բայց մի օր միգուցե ասողների "բախտը կբերի" և ինձ կտեսնեն սասունցու ծռության դրսևորման գագաթնակետում, և ես հաստատ բարձր կպահեմ իմ նախնիների պատիվը և ավանդը։ Չիմացողներին ասեմ, որ սասունցու ծռության խնդիրը նրանում է, որ մինչև դրա դրսևորման պահը տվյալ մարդը լրիվ հանգիստ, նորմալ մարդու տպավորություն է թողնում, կարող է տարիներ շարունակ հանդուրժել ինչ-որ բաներ և ցույց չտալ դժգոհություն, բայց մեկ վայրկյանում վերափոխվել կասկածելի ադեկվատությամբ մարդու, որն անկառավարելի է և անհասկանալի, և որ ամենակարևորն է՝ նա ոչ թե ինչ-որ բան է ուզում, այլ ընդհակառակը՝ նա այլևս ոչինչ չի ուզում, բայց դիմացինը պատասխան պիտի տա դրա համար․․․Բայց այդ "խեղճը" չի հասկանում՝ ինչի համար (իրականում այդ "խեղճը" հաստատ արժանի է, հավատացեք ինձ, ուղղակի միգուցե լավ կլինի, եթե մարդկային ձևով բացատրեն․․․) Հարցը նրանում է, որ այդ ծռությունը մեկ վայրկյանում էլ կարող է անհետանալ, բայց ամեն դեպքում չեմ նախանձում հանդիպողին։
 Տատիկս եղեռնի ժամանակ եղել է երեք տարեկան, և նրա մայրը բազմաթիվ երեխաներից կարողացել է փրկել մի քանիսին, այդ թվում՝ տատիկիս, ում իր մեջքին դրած գաղթել է ամբողջ ճանապարհը։
 Պապիկս գաղթել է առանձին՝ իր ընտանիքի հետ և եղել է տատիկիցս 12 տարի մեծ։ Տատիկիս ընտանիքը բնականաբար ապրել է շատ վատ և որոշել են 12 տարեկան հասակում նրան ամուսնացնել պապիկիս հետ։ Հաշվի առնելով, որ նա դեռ երեխա է եղել՝ մի քանի տարի քնել է սկեսուրի հետ, որը շատ հոգատար և լավ կին է եղել։ Տատիկս պատմում էր, որ իր սիրելի ուտելիքն էր պատրաստում և իրեն տարբեր բաներ սովորեցնում։ Մանուկ ժամանակ, երբ տեսնում էի նրան, միշտ հիշում էի նրա ամուսնության պատմությունը և սարսափում դրանից։ Երբ մեծացա, սկսեցի հասկանալ, որ իրականում ողբերգությունը նրան 12 տարեկանում բավական լավ ընտանիքի "որդեգրման" հանձնելը չէր, այլ այն ցավն ու հիշողությունները, որոնք գենետիկորեն և գիտակցորեն արդեն մեր գեներում էր։ Եվ առայսօր ես չեմ կարողանում այդ գենի հախից գալ իմ մտքի, գիտակցության, հոգու ողջ ուժով և կարողությամբ։ Երազում եմ, որ աշխարհը մի օր տեսնի գենետիկորեն երջանիկ Հայի․․․
Հետո ունեցել էին հինգ երեխա՝ չորս տղա և մեկ աղջիկ։ Հայրս ծնվել է 1940 թվականին, ամենափոքրն էր ընտանիքում, բայց ծռությամբ չէր զիջում ավագներին և ոչ մի սասունցու։ Ավելի սասունցի էր․․․ Նույն տարում հայրը մեկնում է պատերազմ և չի վերադառնում․․․ Հետաքրքիր է, որ նման հազարավոր պատմություններ են եղել, և մենք դրանք կարդալիս կամ լսելիս խնդրի բարդությունը և ծանրությունը չենք պատկերացնում, քանի որ շատ ենք լսել․․․ Մի փոքրամարմին կին (ինձանից նիհար էր տատիկս) և հինգ երեխա․․․ Նա կարդալ էլ չգիտեր․․․Նա էլ էր ցեղասպանության բարդույթի կրողը, բայց ավելի դիմակայուն էր և ուժեղ, քան այսօր բազմաթիվ երիտասարդներ, ովքեր հիմնավորումների մի պատկառելի ցանկ ունեն, թե ինչու իրենց ունքամեջը չի բացվում։ Պաշտպանական ռեակցիան շատ ուժեղ էր, անասելի ոգի ուներ (ամբողջ գյուղը հաշվի էր նստում իր հետ), ինչը բերել էր իր հետ ծննդյան օրվանից մինչև կյանքի բոլոր բարդությունների վայելքի ավարտը։
Հայրս 15 տարեկանում միայնակ իրենց գյուղից եկել էր Երևան և ինքնուրույն՝ առանց ծանոթների և կապերի, ընդունվել էր օդաչուների ուսումնարան և սովորել էր գերազանցությամբ։ Արդյունքում երկար տարիներ օդանավի հրամանատար էր։ Ուսման տարիներից ամենաուրախ պատմությունը օդապարիկով թռչելն էր, որը յուրաքանչյուր օդաչու պարտավոր էր անել սովորելու տարիներին երկու անգամ՝ մեկը՝ սկզբից, մյուսը՝ վերջում։ Երբ ես հարցրեցի հորս, թե "հաստատ առաջին անգամը դժվար է լինում, չէ՞", մի պահ մտածեց ու ասաց․ "չէ, ինչ ես ասում, առաջին անգամը չես հասկանում ոչ մի բան, գնում քեզ գցում ես ցած, այ երկրորդ անգամը շատ ես վախենում"։ Հայրս էլ էր կյանքի դժվարությունների դեմ պայքարող տեսակ, մաքառում էր տիեզերքի, աշխարհի, կյանքի խաչմերուկներում և, ցավոք, հիմնականում հաղթահարելով արտաքին դժվարությունները, երբեմն տանուլ էր տալիս իր ներքին պատերազմներում․․․
 Դե ես ավելի "թեթև" տեսակ եմ՝ մի քիչ պայքարում եմ, մի քիչ ապրում եմ, մի քիչ վայելում եմ, մի քիչ տխրում եմ, մի քիչ ուրախանում։ Երբեմն ցեղասպանությունից մազապուրծ եմ, երբեմն աշխարհին հաղթանակած․․․
Սասունցու գենը տատիկիս մեջ էր, հորս մեջ էր, իմ մեջ է և լինելու է իմ երեխայի մեջ․․․ Ցեղասպանության բարդույթը տատիկիս մեջ էր, հորս մեջ էր, իմ մեջ է և, ցավոք, լինելու է իմ երեխայի մեջ․․․
 Ուրախանում եմ նրանից, որ այդ գենը և բարդույթը ամեն դեպքում, գնալով թուլանում են, և, իրոք, մի օր իմ երազանքը կիրականանա, և աշխարհը կտեսնի գենետիկորեն երջանիկ Հայի․․․

Մանկության հուշերից - Լիգիա Ղազարյան
Brief explanation to Azeris. - Ligia Ghazaryan
Яндекс.Метрика