վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Sunday, December 28, 2014

Հավերժության Թիթեռը

Լիլիթ Հայրապետյան
27.12.2014թ., 01:31-03:02

 Ասում են, թիթեռը մեկ օր է ապրում և այդ մեկ օրում հասցնում այնքան բան, որ մենք մի ամբողջ կյանքում չենք ապրում: Ի՞նչ է թիթեռը. ծաղի՞կ, որը պոկել է քամին՝ անխնա տարուբերելով այս ու այն կողմ, հոգու անմահության մարմնացու՞մ, կյանքի, մահվան ու հարության միասնական խորհրդանի՞շ…
 Ուզում եմ թիթեռ լինել, չեմ ուզում ապրել այս պղտոր դարում՝ վատնելով կյանքիս օրերն անիմաստ: Ուզում եմ ապրել այն պարզ հավատով, որ այդ մեկ օրում կապրեմ մի մե՜ծ կյանք՝ սիրով, մաքրությամբ, խինդով համեմված: Չեմ ուզում ապրել կուչ եկած հոգով, որ ծվարում է ինքն իր արգանդում, հետո՝ վախենում լույս աշխարհ գալուց, վախենում ինքն իրեն առերեսվելուց…Այո´, թիթեռ եմ ուզում լինել անկասկած, բայց ի՞նչ թիթեռ՝ կարմի՞ր, կանա՞չ, դեղի՞ն, կապու՞յտ, իսկ միգուցե խայտաբղե՞տ կամ էլ թափանցի՞կ՝ եթերային թևիկներով…


Օ՜, ո´չ դեղին. չեմ ուզում լինել գիշերային դեղին թիթեռ, որ ճախրում էր խեղճ Մաուրիսիո Բաբիլոնայի
գլխավերևում, որ դժբախտություն բերեց Մեմեյին (Գ.Գ. Մարկես): Իսկ գուցե կանա՞չ՝ զմրուխտի պես թավ, որ զարդարում է ողջ երկրագունդը իր ամբողջ փայլով, որ կերակրում է ողջ մարդկությանը իր կյանքի գնով: Բայց ո´չ, չեմ ուզում. չեմ ուզում դառնալ ամեն անարժան ու բիրտ էակի հագեցման միջոց, որ վայրի գազանի նման անխնա հոշոտի ինձ տրված կյանքը՝ այդ թանկ Մեկ Օրը:

Իսկ գուցե կարմի՞ր, չէ որ կարմիրը մոտ է բնույթիս՝ ամայի դաշտում վառվող կրակ հիշեցնող ջերմ խառնվածքիս: Բայց ո´չ, չեմ ուզում, ճիշտ չեմ հասկացվի. ամեն գռեհիկ ու անդեմ էակ, որ չունի իր մեջ գեթ մեկ արժանիք, իմ ջերմությունը կընկալի իբրև արևից եկող շիկնած ճառագայթ, որ անսպառ ու անտրտունջ ջերմացնում է մի ողջ երկրագունդ, որ կյանք է տալիս յուրաքանչյուրիս: Իսկ խայտաբղե՞տ կամ էլ՝ թափանցիկ, նուրբ թևիկներով: Բայց ո´չ, խայտաբղետ չի ո´չ միտքս, ո´չ հոգիս, չեմ կարող լինել մի քանի գույնի, որը նման է մի քանի կյանքի: Ինձ մեկ կյանք է պետք՝ պարզ ու հասարակ՝ առանց հիստերիկ ճոխությունների:

 Եվ, հետևաբար, լինեմ թափանցի՞կ. վտանգավոր է լինել թափանցիկ և այն էլ նուրբ թևիկներին հենված: Եթե գտնվի գեթ մեկ թափանցիկ, ես էլ կլինեմ երկրոդն անկասկած. չէ որ թափանցիկ լինելով հանդերձ ի ցույց ես դնում ողջ գոյությունդ, միտքդ ու հոգիդ…իսկ էդպես այս չարի դարում անշուշտ մեկ օր էլ չեն թողնի ապրես: Չի լինի ապրել, անկախ քեզանից կհայտնվես մի պիրկ սարդոստայնի մեջ և կկորչես հավետ… Մեկ գույն եմ ուզում, և այդ մեկ օրը ուզում եմ լինել միայն այդ գույնի: Իսկ ո՞ր գույնն է դա…Կապույտն անկասկա´ծ: Եթե պիտ ապրեմ մեկ օր այս դարում, թող ապրեմ Կապույտ Թիթեռի նման:
Թո՛ղ որ նմանվեմ անծայր օվկիանի՝ չուսումնասիրված իր ողջ խորությամբ, մակընթացության և տեղատվության ելևէջներով, սեփական երգի հնչյունների տակ սեթևեթացող զույգի հիշեցնող մեղմ ալիքներով:
Թո՛ղ որ ես ճախրեմ մարգագետինով, բարիք հավաքեմ բնության տված ծաղիկների ճոխ շտեմարանից, ըմբոշխնեմ նրանց նուրբ բույրը անսպառ, սնվեմ, հագենամ նրանց առէջից… ու էլի ճախրեմ, բացեմ թևերս ու բարձրանամ վեր:
Թո՛ղ որ նմանվեմ անսայր երկնքի, որ ազատության լիցք է հաղորդում, ու թոքերիս ամբողջ ծավալով շնչեմ, հագենամ ու նորից թռչեմ, որ արեգակի լույսը ճեղքելով առաջինը զգամ հոգուս խորքերում այդ ջերմությունը ու փա´ռք տամ այդ ժամ, փա´ռք տամ ինձ տրված մեկ օրվա համար: Մեկ օր, որ ապրել արժի անկասկած, որ զերծ կմնամ ամեն չարիքից, անտարբեր մարդկանց ներկայությունից, անխիղճ մարդկանց ոռոգայթներից…

Թեկուզ ես լինեմ լազուրյա կապույտ մի անկոչ թիթեռ, և որքան էլ ես թռչեմ դեպի վեր, անտարբերություն ասված չարիքը իր սև բծերը կթողնի թևերիս վրա մաքրամաքուր:
 Որքան ուզենամ, վերջին ճիգերս գործադրելով, թռչեմ դեպի վեր՝ ամբողջ ընթացքում աղոթք անելով հոգուս խորքերում, անխղճություն ասված չարիքը կհաստացնի նախորդ բիծը սև…Դժվար է, հարկավ, բայց միևնույն է դու գիտես՝ ով ես՝ Կապույտ Թիթեռ ես, և դա քո օրն է, ու դու ճախրում ես…
 Այդ գլխապտույտ երջանկությունը թող ամբողջանա մի նոր թիթեռի կյանքի կոչելով՝ Կապույտ Թիթեռի, որին նայելով ես կհասկանամ, որ արժեր ապրել Աստծո պարգևած այդ մեկ դար օրը, իմաստավորված այդ մեկ դար օրը: Ու գերհագեցման անափ զգացումով վեր կբարձրանամ՝ դեմքս գոհությամբ առ երկինք հառած: Մի պահ կդառնամ հայացքով ներքև՝ Կապույտ Թիթեռիս վերջին անգամ տեսնելու համար…
Արդեն ետևում թողած մեկ օրս, մի ամբողջ կյանքս ամփոփում տալով՝ վեր կբարձրանամ դեպի վերջալույս ու լուռ կմարեմ երկնակամարում…


Cupid and Psyche
 P.S. Ըստ հին հույների թիթեռը հոգու անմահության, հավերժության խորհրդանիշ է: Պսիքեն կամ Հոգին պատկերվում է թիթեռնիկի թևեր ունեցող աղջկա տեսքով:

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика